Այսօր: Կիրակի, 18 Օգոստոսի 2019թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 214
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
26/06/2019
Հարավային դարպաս Մեղրիի, նրա առանձնահատկությունների և բրենդների մասին

Մեղրի բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2016 թվականի սեպտեմբերին՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի խոշորացման արդյունքում: Ինչպես «Առավոտի» հետ զույցում նշեց Մեղրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Աննա Ավետիսյանը` խոսելով համայնքի առանձնահատկության մասին, խոշորացված համայնքը ներառում է 13 գյուղական, 2 քաղաքային բնակավայր: «Մեղրին Հայաստանի հարավային դարպասն է, նաեւ ստրատեգիական նշանակություն ունի, տրանզիտ գոտի է հանդիսանում: ԻԻՀ, Երեւան, ինչու չէ նաեւ Վրաստան բեռնափոխադրումները կատարվում են Մեղրու տարածքով: Այն ունի բնակլիմայական բոլոր գոտիները` սկսած մերձարեւադարձայինից մինչեւ ալպիական: Բնակչության հիմնական զբաղմունքը լեռնարդյունաբերությունն է, գյուղատնտեսությունը: Մեղրիում ավելի շատ պտղատու այգիների մշակմամբ են զբաղվում: Մեր բրենդն են հանդիսանում արքայախնձորը, թուզը, նուռը: Այժմ նաեւ մերձարեւադարձային կուլտուրաների մշակմամբ ենք զբաղվում, որոնցից է կիվին, ձիթապտղի պլանտացիա եւս ունենք: Արաքսի ափին ծիրանենու մեծ այգի ունենք, որտեղ մեծ մասշաբով աշխատանք է կատարվում, իսկ պտուղն արտահանվում է»,-ասաց տիկին Ավետիսյանը: 

Բնակչությունը մոտ 12000 է, Աննա Ավետիսյանի խոսքերով, Մեղրուց արտագաղթ չկա, ընդհակառակը՝ Հայաստանի հյուսիսային շրջաններից մարդիկ գալիս են Մեղրի` աշխատանք գտնելու ակնկալիքով: «Մեր պղնձամոլիբդենային կոմբինատը գործում է, Ագարակի բնակչության մեծ մասը հիմնականում աշխատում է կոմբինատում»,-հավելեց մեր զրուցակիցը: Ի դեպ, Ագարակը հիմնադրվել է Արաքս գետի ձախ ափին 1949թ.-ին` որպես համանուն պղնձամոլիբդենային կոմբինատին կից բանավան, իսկ 1996թ.-ին բանավանը վերանվանվել է Ագարակ քաղաք։ Այն ունի կենսական, մշակութային եւ սպորտային, կրթական ու ընդհանուր զարգացվածությունը ապահովող բոլոր կառույցները` հիվանդանոց, կոմունալ բարեկարգման տնտեսություն, մսուր-մանկապարտեզ, միջնակարգ դպրոց, արվեստի եւ գրադարանային ծառայության կենտրոն, մշակույթի պալատ։ 

Մեղրու համայնքապետարանի աշխատակազմի կրթության գծով գլխավոր մասնագետ Նունե Համբարձումյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հանրակրթական դպրոցներն ու 2 մանկապարտեզները բնականոն ռիթմով են աշխատում: Ինչ-ինչ խնդիրներ կան հեռավոր գյուղական վայրերի դպրոցներում, որոնք փորձում են հաղթահարել: «Այս տարի բոլոր 129 առաջին դասարանցիներին համայնքապետարանը՝ համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի նախաձեռնությամբ, ապահովել է դպրոցական պայուսակներով: Շուրջ 60 շրջանավարտ ենք ունեցել, Ագարակն էլ ներառյալ՝ մոտ 100»,-ասաց տիկին Համբարձումյանը: Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Մեղրու պետական քոլեջին, որը բավականին բարեկարգ է, այստեղ ուսումնասիրվող մասնագիտություններն են` զբոսաշրջություն, նախադպրոցական կրթություն, հաշվապահական հաշվառում, փոխադրումների կազմակերպում եւ կառավարում: Մեղրու թիվ 2-ի մասին էլ խոսեցինք, որն ամենահարմարեցվածն է ներառական կրթություն իրականացնելու համար: Այս դպրոցն աչքի է ընկնում ոչ միայն լավագույն մասնագետներով, այլեւ փայլուն աշակերտներով: Դպրոցի աշակերտներն այս տարի հաղթել են «Մեղու», «Կենգուրու» եւ «Ռուսական արջուկ» մրցույթներում: Իսկ մշակութային Մեղրիի մասին Սիրուն Գալստյանի հետ զրույցի մանրամասները` առաջիկայում 


Aravot.am
https://www.aravot.am/2019/06/26/1052142/?fbclid=IwAR3m4QGmZb2aN-m8MwfdLBNhU4RWDnB08mXleRUB811cvxmIu5x7KYue3L0

 
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner