Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
21/06/2017
Մեղրիում պարսկերենի դասընթացներ են սկսվել

Մեղրիում բնակիչներն արդեն կարող են պարսկերեն սովորել՝ հարևան Իրանի քաղաքացիների հետ ազատ շփվելու համար: Նախաձեռնության հեղինակը 30-ամյա Լևոն Միրզոյանն է, իսկ ծրագիրը իրագործելու հարցում նրան օգնել է Մեղրիի քաղաքապետարանը:

Լևոնն ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, վերադարձել է հարազատ Մեղրի ու այժմ փորձում է օգտակար լինել հարազատ համայնքին:

«Մի քանի ամիս ուսանելու ընթացքում սովորել եմ պարսկերեն, հիմա էլ կատարելագործում եմ գիտելիքներս՝ սովորողներին փոխանցելու համար», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Լևոնը:

Երիտասարդ պատմաբանը նկատել է, որ համայնքում պահանջարկ կա լեզուն իմանալու, քանի որ հարևան Իրանի հետ հարաբերություններն ակտիվացել են, իրանցիների հետ շփումը՝ մեծացել:

«Տեսնելով հայ-իրանական հարաբերությունների բարելավումը, ազատ առևտրի գոտու բացման հնարավորությունները, մանավանդ, երբ մեր տարածաշրջանում պահանջարկը մեծ է, պարսկերեն տիրապետողներ չկան, ովքեր էլ որ կան միայն բանավոր, գրել-կարդալ չգիտեն, նաև կիսաթուրքերեն, կիսապարսկերեն են խոսում, առաջարկել եմ մեր համայնքապետ Մխիթար Զաքարյանին, ինքն էլ համաձայնեց: Ու հիմա ամեն հարցում ինձ աջակցում են՝ ծրագիրը կյանքի կոչելու համար», - պատմում է Լևոն Միրզոյանը:

Խմբակը գործում է Մեղրի ու Ագարակ քաղաքներում, որտեղ դպրոցի դասասենյակներում  տարբեր տարիքային սովորողներ են ընդգրկված: Լևոնն ասում է՝ պարսկերեն սովորելու համար առաջինն արձագանքել են գործարարները, հյուրանոցի, ռեստորանի աշխատողները, տաքսիստները:



«Մեր նպատակը տարածաշրջանի բնակչության լեզուն սովորեցնելն է, որ կարողանան հաղորդակցվել՝ հետագայում ազատ առևտրի գոտին կբացվի ու մենք կկարողանանք մարտահրավերին պատասխանել, որի նախապայմանը հենց լեզվի իմացությունն է: Բացի այդ, այժմ վիզային ռեժիմը հանված է, ցանկացած մարդ կարող գնալ, գալ առևտուր անել, ու սա նաև արվում է այդ ամենը դյուրացնելու նպատակով», - ասում է պարսկերենի ուսուցիչը:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ այս ծրագրի պահանջարկը եղել է, բայց մասնագետի բացակայության պատճառով հնարավոր չի եղել իրագործել այն:



Միրզոյանը հույս ունի, որ լեզուն կօգնի բնակիչներին՝ կողմնորոշվել իրենց ծրագրերում: «Լեզվի իմացությունը թելադրում է, որ հետագա նախագծերը ավելի ստույգ կառուցեն մարդիկ», - նկատում է նա:

aysor.am
https://www.aysor.am/am/news/2017/06/21/%D5%84%D5%A5%D5%B2%D6%80%D5%AB/1278987

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner