Բովանդակություն * | Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն օգոստոսի 7-ին հյուրընկալել էր «Իզմիրլյան հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանին և փոխտնօրեն, ծրագրերի իրականացման ղեկավար Բաբկեն Բաբայանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հիմնադրամի` դեռևս 2004 թվականից նախաձեռնած և իրականացվող «Մեղրի քաղաքի Փոքր թաղի վերածնունդ» ծրագիրը, որը նպատակ ունի պահպանել և վերականգնել քաղաքի մշակութային ժառանգությունը: Արդեն մեկնարկել է Փոքր թաղի մի մասի վերականգնումը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ենթածրագրով՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է փողոցների սալիկապատում, զբոսաշրջային ցուցանակներով կահավորում, լուսավորման, խմելու ջրի, ոռոգման ու կոյուղու համակարգի հիմնում և այլ աշխատանքներ։ Խ․ Անդրեասյանը նշեց, որ արժևորում է համագործակցությունը «Իզմիրլյան հիմնադրամ»-ի հետ,որի առաքելությունը Փոքր թաղի պատմական միջավայրի վերականգնումն ու Մեղրին զբոսաշրջային ներուժի զարգացման կենտրոն դարձնելն է: Խ.Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց Ա. Չոբանյանին և Բ. Բաբայանին` կատարած այցի և սերտ համագործակցության համար: |