Բովանդակություն * | Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը` նոյեմբերի 14-ին,համայնքապետարանում ընդունեց համայնքի ակտիվ երիտասարդներին, ովքեր հանդես եկան հետաքրքիր նախաձեռնությամբ․ այս տարի մասնակցել Գորիսում կայանալիք «Impact Hub Syunik»-ի կողմից կազմակերպվող Սյունիքի մարզի ամենամեծ և տոնական Ամանորյա տոնավաճառին։ Այս միջոցառումը, որը տեղի կունենա արդեն երրորդ անգամ, հնարավորություն է տալիս անհատ ձեռներեցներին ներկայացնել իրենց արտադրանքը ցուցահանդես-վաճառքով՝ խթանելով տեղի արտադրանքի ճանաչելիությունը և աջակցելով տնտեսական ակտիվությանը։ Համայնքի ղեկավարը ողջունեց երիտասարդների նախաձեռնությունը և ընդգծեց, որ նմանատիպ միջոցառումները ոչ միայն խրախուսում են ձեռներեցությունը, այլև կարևոր նշանակություն ունեն համայնքի բնակիչների սոցիալական կապերի ամրապնդման և Ամանորի տոնական մթնոլորտը համայնքին փոխանցելու գործում։ Տոնավաճառին մասնակցությունը երիտասարդներին հնարավորություն կտա նաև շփվել տարբեր ոլորտներում հաջողակ ձեռներեցների հետ, կիսվել փորձով ու գաղափարներով և նպաստել սեփական արտադրանքի զարգացմանը։ Երիտասարդները դիմել էին տրանսպորտ և այլ տեխնիկական միջոցներ ստանալու նպատակով։ Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը մեծ պատրաստակամությամբ ընդունեց երիտասարդների առաջարկը և հավաստիացրեց, որ համայնքապետարանը կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը՝ միջոցառումն առավել գեղեցիկ և կազմակերպված անցկացնելու համար: Խ․ Անդրեասյանը նաև նշեց, որ այսպիսի նախաձեռնությունները մեծապես նպաստում են համայնքի տնտեսական և սոցիալական զարգացմանը, և համայնքապետարանը մշտապես պատրաստ է աջակցելու երիտասարդներին՝ կյանքի կոչելու իրենց գաղափարները։ |