Բովանդակություն * | Սեպտեմբերի 22-ին՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի գլխավորությամբ, Մեղրիի համայնքապետարանում հյուրընկալվեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության ձկնաբուծության և մեղվաբուծության բաժնի գլխավոր մասնագետ Սիլվա Հակոբյանը և ավագ մասնագետ Ջոն Սիմոնյանը։ Հանդիպման նպատակն էր վերհանել և քննարկել համայնքում արձանագրված մեղվաընտանիքների խնդիրները՝ գտնելու դրանց հնարավոր լուծումները։ Քննարկման ընթացքում մեղվապահներն անդրադարձան մեղվաընտանիքների պահպանման գործընթացում առաջացած հիմնական դժվարություններին և դրանց հետ կապված մտահոգություններին։ Մասնագետները պատասխանեցին մեղվապահների հնչեցրած հարցերին, ներկայացրեցին հնարավոր պատճառահետևանքային կապերը, ինչպես նաև առաջարկեցին մասնագիտական լուծումներ և կիրառելի խորհուրդներ՝ մեղվաընտանիքների կենսունակության վերականգման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ։ Հանդիպումն անցավ կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում, ինչը նպաստեց ակտիվ քննարկմանը։ Հանդիպման ավարտին մասնագետներն ընդգծեցին իրենց պատրաստակամությունը շարունակել աջակցությունը և համագործակցությունը մեղվապահների հետ՝ խնդիրների լուծման և ոլորտի բարելավման նպատակով։ Մեղվապահները շնորհակալություն հայտնեցին ստացած մասնագիտական աջակցության համար և գնահատեցին նման հանդիպումների կազմակերպման կարևորությունը։ |